ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում իշխանափոխության առնչությամբ՝ նշելով, որ երկրի տապալված նախագահ Բաշար Ասադը որոշել է թողնել նախագահի պաշտոնը և լքել երկիրը։
«Մենք ծայրահեղ մտահոգությամբ ենք հետևում Սիրիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին։ Բ.Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև կայացած բանակցությունների արդյունքում նա որոշել է հրաժարվել նախագահական պաշտոնից և լքել երկիրը՝ իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով իրականացնելու հանձնարարականներ տալով։ Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, մենք համոզիչ կոչով դիմում ենք բոլոր ներգրավված կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով», — ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Մոսկվան հայտնել է նաև, որ կապի մեջ է «սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների հետ»։
«Մենք կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնիկ կրոնական ուժերի կարծիքը, աջակցում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված 2254 բանաձևի հիման վրա ներառական քաղաքական գործընթացի իրականացման ջանքերին։ Հուսով ենք, որ այս մոտեցումները հաշվի կառնվեն ՄԱԿ-ի և բոլոր շահագրգիռ դերակատարների կողմից, այդ թվում՝ Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գ. Պեդերսենի՝ Ժնևում միջսիրիական ներառական բանակցությունների անհապաղ կազմակերպման նախաձեռնության իրականացման համատեքստում։
Միաժամանակ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Սիրիայում մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Սիրիայում ռուսաստանյան ռազմաբազաները մարտական բարծր պատրաստականության են բերված։ Այս պահին դրանց անվտանգությանը սպառնացող ոչ մի լուրջ վտանգ չկա»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։