Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարությանը՝ նոր տոմսային փաթեթների մասին եւ հայտարարել, որ նոր տոմսային համակարգի բոյկոտը շարունակելու են։
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և «Հանրապետություն» խմբակցությունները կբերեն տոմսային համակարգի նոր փաթեթ։ Սա նրա համար չեն անում, որ շատ են մտածում ժողովրդի մասին, այլ մի պատճառով, որ ժողովուրդն ասել է, որ բոյկոտում է տոմսային համակարգը և չի ընդունում իրենց առաջարկած գները: Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ»,- ասաց նա։
Նա ընդգծել է, որ քանի որ ՔՊ-ի հետ գործ ունեն, պետք է շատ աչալուրջ լինեն:
«Քանի որ մենք գործ ունենք ՔՊ-ի հետ, ապա պետք է շատ աչալուրջ լինենք, քանի որ նրանք փորձելու են ամեն ինչ մանիպուլացնել։ Հետևաբար, փետրվարի 1-ից մենք շարունակելու ենք բոյկոտել, ասելով, որ պետք է ուժի մեջ մնա մինչ 100 դրամ տարբերակը»,- ասաց նա։