Հունվարի 20-24-ին Դավոսում (Շվեյցարիա), Համաշխարհային տնտեսական համաժողովում ողջ աշխարհի ղեկավարները կքննարկեն այս տարվա գլոբալ խնդիրները եւ առաջնահերթությունները։ Համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 130 երկրների 350 պետական ներկայացուցիչներ, այդ թվում՝ 60 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, որոնց թվում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հանդես կգա «հատուկ ուղերձով»։ ՀՏՀ-ին կմասնակցեն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը եւ Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամադ Մուստաֆան, ինչպես նաեւ Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը: Համաժողովին կմասնակցեն Սիրիայի արտաքին գործերի ժամանակավոր նախարար Ասադ ալ-Շայբանին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Համաժողովին կմասնակցեն նաեւ բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտության, լրատվամիջոցների եւ արվեստի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի 3 հազար մարդ։
Համաժողովում կքննարկվեն համաշխարհային տնտեսության աճի նոր աղբյուրները, բիզնես-ռազմավարությունները՝ հաշվի առնելով խոշոր աշխարհատնտեսական եւ տեխնոլոգիական տեղաշարժերը, ներդրումները մարդկային կապիտալի զարգացման մեջ եւ աշխատատեղերի ստեղծումը, որոնք կնպաստեն հասարակության զարգացմանը, շրջակա միջավայրի բարելավմանը, առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաեւ համագործակցության նոր ուղիների որոնմանը՝ միջազգային մակարդակով լուծումներ մշակելու համար։ Մեկ այլ առանցքային թեմա կլինի արհեստական բանականությունը. համաժողովում կբարձրացվի դրա կարգավորման հարցը։