Search
Close this search box.

Փաշինյանի կինը որոշել է վիճակահանություն կազմակերպել և 250 անձից փող հավաքել. «Հրապարակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, որոշել է վիճակահանություն անցկացնել և 250 անձից գումար հավաքել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Գործարար կանանց և տղամարդկանց հետ 1 մլն դրամով ընթրելուց հետո Աննա Հակոբյանը որոշել է հիմա էլ «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով Ամանորին ընդառաջ վիճակահանություն կազմակերպել, ինչը, պարզ ասած, «ռեկետի» դասական օրինակ է»,– գրում է պարբերականը։

Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը թերթին հայտնել է, որ վիճակահանության տոմսերը տարբեր արժեքներ ունեն` 500 000, 1 մլն և 1,5 մլն դրամ։ Հասույթները պետք է ուղղվեն հիմնադրամի` 2025 թվականի ծրագրերին։ Վիճակահանությունն անցկացվելու է դեկտեմբերի 30-ին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում։
«Անշուշտ, ոչ բոլորն են հաղթելու։ Յուրաքանչյուր խմբից, որոնք տոմսեր են ձեռք բերելու, հաղթելու է 3-4 անձ։ Հաղթողները որպես նվեր ստանալու են հռչակավոր նկարիչների նկարներ, արվեստի տարբեր գործեր, ոսկյա զարդեր, բժշկական փաթեթ «Նաիրի» ԲԿ–ից` մեկ տարվա համար, ճամփորդության տոմս և այլն»,– հայտարարել է Թոփալաքյանը։

Նա չի մեկնաբանել, թե ովքեր են մասնակցելու վիճակահանությանը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը գործարարների հետ կազմակերպած ընթրիքին մասնակցել էր 62 գործարար, ընդհանուր հավաքել էր 62 մլն դրամ, քանի որ յուրաքանչյուրը 1-ական մլն դրամ էր վճարել։ Վճարումներն արվել են փոխանցումների միջոցով, ամբողջ գումարն էլ ուղղվել է «Իմ քայլը» հիմնադրամին, որը ղեկավարում է Աննա Հակոբյանը։
Մինչ տղամարդ գործարարների հետ ընթրիք կազմակերպելը, նա նույն բնույթի հանդիպում էր անցկացրել նաև կին գործարարների հետ։ Նրա հրավերին արձագանքել էր 42 անձ։ Անցկացվել էր նաև սկսնակ ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ: