Ուժեղ Հայաստանը շարունակում է այցելել մարզեր, գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ավելացնելով՝ այս նախաձեռնությանը անդրադարձա մի քանի օր առաջ, կարեւոր համարելով քաղաքական գործունեության այս նոր մեթոդաբանությունը, որ հաջորդում է ընտրությանը։ Հայաստանում քաղաքականությունն ունի մարզեր «գնալու» կարիք, եւ իհարկե՝ մարզերում նաեւ «մնալու» կարիք։
Սրա սխեմաները պետք է լինեն բազմազան, սոցիալ–մշակութայինից մինչեւ հենց անմիջական տնտեսա–քաղաքական։ Պետք է աշխատել ու զարգացնել, ուղենիշը ընտրված է ճիշտ։
Միաժամանակ, այսօր հայտնի է դարձել, որ Ստեփանավանի․, Գյուլագրակի եւ Տաշիրի ռեգիոններում՝ ընտանիքում ծնված հինգերորդ բալիկի դեպքում տրվելու է բնակարան նվեր, համաձայն կուսակցության նախընտրական խոստումի։
Ավելորդ չէ, վատ չէ, եթե կուսակցությունը, չնայած իշխանական կարգավիճակի բացակայությանը, այդուհանդերձ գտնում է սոցիալական պատասխանատվություն իրացնելու հնարվորություն։ Իհարկե սա արդեն կախված է կոնկրետ կուսակցության ֆինանսատնտեսական հնարավորությունից, այսինքն բոլորը չէ, որ կարող են թույլ տալ դա։ Բայց, եթե քաղաքական միավորը կարող է, ապա թերեւս պետք է ներդնի նաեւ այդ՝ սոցիալական հանձնառության որոշակի մեթոդաբանություն։ Սակայն, ընդգծեմ, որ պետք չէ բավարարվել լոկ այդ շերտով եւ անհրաժեշտ է քաղաքականությունը Երեւանից մարզեր «արտահանել» համապարփակ՝ սոցիալ–մշակութային, տնտեսա–քաղաքական փաթեթներով։
Միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ, առերեսվել իրողությանը, որ քաղաքականությունը անմիջականորեն կապակցված է ֆինանսատնտեսական ռեսուրսներին եւ հնարավորությանը։ Այդպես է ցանկացած դեպքում, առանց որեւէ «երկիմաստության» կամ բացառության, դուր գա մեզ դա, թե դուր չգա։ Հետեւաբար, քաղաքականությամբ պետք է զբաղվել հենց այդ իրողությանն առերեսվելու համարձակ ռացիոնալությամբ, եզրահանգումներն ու մշակումները՝ քաղաքական կենսագործունեության իմաստով, կազմելով ըստ այդմ։





