Բագարան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ դեմ են գյուղի դպրոցը փակելու որոշմանը․ «Բագարան գյուղի դպրոցը փակում են, երեխաները պետք է կողքի Երվանդաշատ համայնքի կրթահամալիր հաճախեն։ Երեխաները 4 կմ պետք է կտրեն, անցնեն՝ դպրոց հասնելու համար։ Ձմեռը իմ երեխային չեմ թողնի նստի տրանսպորտ, սարուձոր անցնի։ Ուզում ենք դպրոցը մնա մեր գյուղում, կամ վերանորոգեն կամ նոր դպրոց կառուցեն»,-ասում է բնակիչներից մեկը։
«Կառավարության ծրագրով որոշվել էր երկու գյուղերի համար կրթահամալիր կառուցել, ու մեզ ասվել էր, թե այն երկու գյուղերի մեջտեղում է լինելու։
Հիմա տեղեկացել ենք, որ Երվանդաշատի դպրոցի կողքին շինարարություն են սկսել, կրթահամալիր են կառուցում։ Բայց սա արվում է առանց շինթույլտվության։ Սեպտեմբերի 18-ի ավագանու նիստում նոր-նոր քննարկման է դրվելու այս հարցը, բայց շինարարությունն արդեն գնում է։
Ինչո՞ւ պիտի նման քայլ արվի, ինչո՞ւ պիտի առանց որոշման նման քայլի գնան»,-ասում է Բագարանի բնակիչներից մեկը։