Search
Close this search box.

Որքան է ՀՀ պետական պարտքն այս պահին

ՀՀ կառավարության պարտքը 2025թ․ կաճի մինչև 53,5 տոկոս։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Միջնաժամկետում կբալանսավորվի 54,6 տոկոսի մոտակայքում։ Իհարկե, որոշ ռիսկերի նյութականացման պայմաններում այդ աճերը կարող են ավելին լինել, որոշ այլ սցենարների դեպքում՝ իհարկե, նաև պակաս»,- նշեց նախարարը։

Կանխատեսվում է, որ 2024թ․ վերջում կունենանք 50 տոկոսին մոտ պետական պարտք (49,8 տոկոս), իսկ 2025թ․ ավարտին պետական պարտքը կհասնի 53,5 տոկոսի (նոմինալ առումով կլինի 5 տրիլիոն 914 միլիարդ դրամ)։

«Սա պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով, որ ունենալու ենք 2025թ․»,- նշեց նախարարը։
Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2025թ․ ավարտին կհասնի 25 տոկոսի, իսկ հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 միլիարդ դրամ (ընթացիկ տարվանը՝ 2 տրիլիոն 613 միլիարդի փոխարեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ)։

2025թ․ նախագծով՝ պետական բյուջեի ծախսերը կլինեն 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 609 միլիարդ դրամ։
Նշենք, որ 2023թ․ կանխատեսումներով՝ ՀՀ կառավարության պարտքը 2024 թվականի վերջին կհասնի ՀՆԱ–ի 47–48,4%–ի։