Search
Close this search box.

Նախկին դատախազները լքում են Քննչական կոմիտեն

ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա այս պաշտոնին նշանակվել էր ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով։ Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկն էր։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Պետրոսյանի եւ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի ջրերը մի առվով չեն հոսել։ Պաշտոնյաները միասին աշխատել են դեռեւս դատախազությունում, երբ Պողոսյանը դատախազի տեղակալն էր։

Պետրոս Պետրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասներ հայտնել աշխատանքից ազատվելու որոշման մասին, միայն նշեց, որ հեռանում է՝ մասնավոր ոլորտում աշխատելու նպատակով։ «Փաստաբանական գրասենյակ եմ բացելու»,-ասաց նա։ Արդյո՞ք ինքն էլ է Արգիշտի Քյարամյանի նման կաշկանդված լինելու եւ կոնկրետ ժամանակահատվածից հետո գործեր վերցնելու, ասաց․ «Ես նման կաշկանդվածություն չունեմ։ Մաքսիմում կկաշկանդվեմ այն վարույթներով, որոնց նկատմամբ կամ հսկող»։ 

Արթուր Պողոսյանի պատճառով հրաժարականի դիմում գրելու վերաբերյալ հարցին ի պատասխան Պետրոսյանը մասնագիտական սոլիդարություն դրսեւորելով՝ ասաց, որ նման բան չկա, իր եւ Պողոսյանի հարաբերությունները լավ են։ «Պարոն Պողոսյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք»,-նշեց նա։ 

Արգիշտի Քյարամյանի հեռանալուց հետո մեկը մյուսի հետեւից հրաժարականի դիմումներ գրեցին բոլոր այն դատախազները, ովքեր Արթուր Պողոսյանի հետ տարաձայնությունների պատճառով հեռացել էին դատախազությունից։ Մենք գրել էինք, որ Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը, ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը։

Ավելի վաղ Պետրոս Պետրոսյանը հայտնել էր, որ շուրջ 17 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

«Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։
Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։
Աստված պահապան մեր Հայրենիքին…»,-գրել էր նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a57733c885ea01de87f536b524d56bb6

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»