Երեկ կայացած բանավեճի ընթացքում մի հանգամանքի էլ կուզեմ անդրադառնալ, քանի որ ինքս այդ ասպեկտը կարեւոր եմ համարում միշտ եւ պարբերաբար, արդեն 2-3 տարի խոսում եմ այդ մասին, դա համարելով քաղաքական պրոցեսներում հանրային ընկալումների անկյունաքար, որը ցավոք հաճախ ստորադասվում է ավելի էպատաժային ներուժ ունեցող թեմաների:
Խոսքս քաղաքական պրոցեսներում սոցիալ-տնտեսական օրակարգի մասին է: Ընդ որում, նկատեմ, որ այս հանգամանքը առանցքայինն է արեւմտյան նախընտրական գործընթացներում, կամ այսպես ասած՝ կայացած համակարգերում: Առանցքային է, որովհետեւ վերջին հաշվով քաղաքականությունը ոչ միայն պետական գործ է, այլ նաեւ մարդուն միտված պրոցես: Հետեւաբար, այո՝ անվտանգության, ինքնության, այլ կարեւորագույն օրակարգերի կողքին, չի կարող հետին պլանի հարց դիտվել սոցիալ-տնտեսական օրակարգը:
Եվ այդ իմաստով, նկատեցի, որ փաստացի օրակարգային այդ հարթությունը, այդ շերտը ըստ էության հանգամանալից արտահայտված էր կարծես թե միայն Ուժեղ Հայաստանի առաջին համարի խոսքում: Կրկնեմ, այս արձանագրումս այն մասին չէ, որ մյուս ընդդիմադիր ուժերի խոսքը անկարեւորի մասին էր, բայց կարեւորագույն օրակարգերից մեկի ընդգծված առկայությունը Նարեկ Կարապետյանի մոտ էր:
Սա նաեւ զարմանալի չէ, որովհետեւ Ուժեղ Հայաստանը հենց սկզբից իր գործունեության եւ հանրության հետ խոսակցության առանցքային թեմա էր ընտրել սոցիալ-տնտեսական օրակարգը: Սա չգիտես ինչու թերագնահատված օրակարգ է: Եվ ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Ուժեղ Հայաստանի ներգրավվածության դրական կողմերից մեկը համարում եմ հենց այն, որ այս ուժը քաղաքական խոսույթի առաջնային պլան բերեց տնտեսական, սոցիալական բաղադրիչը՝ որպես քաղաքական ուժերի պատասխանատվության եւ հանձնառությունների կարեւորագույն, «մարդակենտրոն» նշաձող:
Ընդ որում նկատեմ, որ այդ տեսանկյունից, մեկ էլ «առատ» էր գործող իշխանության ներկայացուցչի՝ վարչապետ Փաշինյանի խոսքը, բայց ուղղված արդեն մարդու բնազդներին՝ «բռնելու», «նստեցնելու», «կզացնելու» այսպես ասած ինտենսիվ ու պոռթկուն հանձնառություններով: Փաշինյանը դրանք հասցեագրում էր այն շերտերի բնազդներին, որոնց շատ կոնկրետ ուղերձներ եւ ապագայի շատ առարկայական հեռանկարներ էր հասցեագրում օրինակ Նարեկ Կարապետյանը՝ սոցիալական լուծումների, նաեւ տնտեսական հեռանկարների, Հայաստանի արդյունաբերականացման հսկայական անելիքի առնչությամբ:
Նիկոլ Փաշինյանը ութ տարի անց շարունակում է խաղալ սոցիալական այդ շերտերի՝ հենց սոցիալական անպաշտպանությունից սրված բնազդների վրա: Թերեւս այդ պատճառով է նաեւ, որ ութ տարվա ընթացքում չի վարվել սոցիալական լարումը իրապես թուլացնելու քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի երկար շարունակել այդ լարվածությունից սրված բնազդների վրա խաղը: Նաեւ շատ ուշագրավ էր Ուժեղ Հայաստանի եւ գործող իշխանության խոսույթի այդ կոնտրաստը:
Միով բանիվ, կարծում եմ անվտանգության, ինքնության, այլ այդօրինակ կենսական թեմաների կողքին, ոչ պակաս կարեւոր եւ առանցքային նշանակություն ունեցող է սոցիալ-տնտեսականը: Թե այն առումով, որ դա է քաղաքականության «մարդակենտրոնության» եւ դրա հանրային լայն ընկալման հիմքը, եւ թե նաեւ այն պարզ պատճառով, որ անվտանգության, ինքնության, եւ այլ կարեւորագույն հարցերի պաշտպանության ու սպասարկման հիմքում՝ տնտեսությունն է եւ մարդը, տնտեսության ու մարդու համադրվածությունը:





