Search
Close this search box.

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում

Please enter a valid URL

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կանգ էր առել։Պատճառը ողջ գյուղի բնակիչների արդարացի անհանգստությունն ու մտավախությունն էր, որ ամիսներ, գուցե շաբաթներ անց իրենց դպրոցն այլևս չգործի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.«Ամբողջ գյուղով ոտքի ենք կանգնել, պատճառը մի քանի կիլոմետր այն կողմ հարևան Երվանդաշատ գյուղում կառուցվող կրթահամալիրն է։Լուրջ մտավախություն ունենք, որ դրա կառուցումից հետո մեր գյուղի դպրոցը, որ գործում է դեռ խորհրդային տարիներից, կփակեն ու ինչ է ստացվելու՝ ողջ գյուղը չի ունենալու դպրոց, մենք էլ մեր երեխաներին հաստատ չենք ուղարկի Երվանդաշատի այդ կրթահամալիր։ Ի՞նչ է եղել մեր դպրոցին, մարզի ամենալավ կահավորված, ուսումնական հարուստ պարագաներ ու հարմարություններ ունեցող դպրոցների ցանկում հաստատ կլինի։ Հիմա ո՞վ է էդ գաղափարի հեղինակը, որ որոշել են՝ գյուղի դպրոցը պետք է փակվի։Թեպետ մեզ ասում են, թե առայժմ նման մտադրություն չկա, բայց ժամանակին մանկապարտեզի համար էլ էին ասում ու այսօր մանկապարտեզը մեր գյուղի համար դարձել է անցյալ։

Մենք պահանջում ենք, որպեսզի գործին միջամտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում գուցե սխալ տեղեկություններ են փոխանցել։ Մոտ 150 սովորող կա, ո՞նց եք պատկերացնում, էդ 150 սովորողն ամեն օր 4 կմ պետք է կտրի նույնիսկ եղանակային վատ պայմաններում ու հասնի Երվանդաշատում գործող կրթահամալի՞ր։Մի արեք, մեր հույսը Նիկոլ Փաշինյանն է, ում դեռ տարիներ առաջ հավատացել ենք, հիմա գոնե այդ օրերին, երբ դեռ Ն. Փաշինյանը իշխանության չէր, ասում էր ժողովուրդ, եթե ուզում եք բարեկեցիկ կյանք ունենաք, որի մեջ, ի դեպ, մտնում է նաև մանկապարտեզ ու դպրոց ունենալը, ապա կանգնեք իմ թիկունքին ու մենք կանգնեցինք։ Հիմա, հարգելի վարչապետ, Ձեր օգնության կարիքն ունենք։ Դուք պետք է գյուղը փրկեք կործանումից, քանի որ գաղտնիք չէ՝ եթե գյուղում դպրոց չկա, էլ ում է պետք էդ գյուղը։Ասում են՝ սահմանամերձ գյուղերին տեղ ենք տալիս, էս տեսա՞կ է մարզպետարանը տեղ տալիս։

Դպրոցը փակում եք, որ երեխաների հանդեսների դպրոցի զանգերի փոխարեն լսենք մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդ պետության նամազնե՞րը։ Մենք չենք հավատում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների խոսքերին։ Մենք հավատում ենք վարչապետին ու այդ հավատով էլ առաջնորդվելով այս պահին հրաժարվում ենք դիմել կտրուկ գործողությունների, այդ թվում՝ միջպետական ճանապարհը ողջ գյուղով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, փակելով»։