«Բաքվում պահվող հայերի տեսակցության բովանդակության հետ կապված որևէ բան Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող»։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առողջական վատթարացման մասին մամուլում տարածվող լուրերին:
«Մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ:
Մենք հնարավորություն ենք տալիս կապվել հարազատների հետ, կապի միջոցները կարող են լինել ոչ միայն հեռախոսազանգեր այլ նաև Կարմիր խաչի նամակների միջոցով, որոնք փոխանցվում են տեսակցության շրջանակում»,- պարզաբանեց նա:
Ամատունին հավելեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում պահվող հայերին տեսակցել են հուլիսին։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում եղել և շարունակում են մնալ Բաքվում պահվող հայերի առողջական վիճակը և նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները։
Հարցին՝ հաջորդ այցը երբ է նախատեսվում, Ամատունին պատասխանեց. «Այցի մասին նախապես չենք հաղորդում, այցի ավարտից հետո կտեղեկացնենք»:
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը վատացել է։
Հիշեցնենք, որ 2023 թվականի՝ Արցախի օկուպացիայից հետո ապօրինաբար ձերբակալվել և Բաքվի բանտ են տարվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: