Search
Close this search box.

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց

Երևանի Ջոն Կիրակոսյան անվան թիվ 20 հիմնական դպրոցում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց թիվ 190 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի, տնօրենի տեղակալ Քրիստինե Դումանյանը։ Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ հերքելով այն լուրերը, թե Դումանյանը Տիգրան Ավինյանի կնոջ բարեկամուհին է։
Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցչական կազմը պահանջում էր, որպեսզի պաշտոնակատարը լինի իրենց դպրոցի անձնակազմից։
Վարչության պետի խոսքով՝ դպրոցը չուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունների կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին․ «Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունները կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն էր առաջացել նշանակել ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա՝ հայտնելով նաև, որ Դումանյանի թեկնածությունն առաջադրվել է իր կողմից։