Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով՝ «մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։
«Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերվող տեսակետներ ունեն առևտրային ճանապարհների ու ազդեցության բաժանման հարցում», — գրում է ամերիկյան պարբերականը, մանրամասնելով՝ դա արևմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առջև է կանգնեցնում։
Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրում է՝ «այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։
«Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», — ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Մեհդի Սոբհանին, միաժամանակ, խուսափել է հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի։ «Դա տեղի չի ունենա», — ասել է նա։