«Ինչո՞ւ Ալիևին չեք կզցնում, որ իր անկախության հռչակագրից հրաժարվի, Տիգրանաշենի հարցով «զադնի» եք դնում․ ինչո՞ւ եք շտապում Տիգրանաշենի հարցում․․․»,- այսօր ճեպազրույցում ի թիվս այլ հարցերի նաև այս հարցերն ուղղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով սահմանազատման քարտեզների թեմային։
«Մենք այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով: Դա բանակցությունների թեմա չի եղել: Դեռևս Պրահայում արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրն է եղել պարզել, թե Խորհրդային Միության փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզը ո՞րն է, որո՞նք են քարտեզները, որոնք Խորհրդային Միության փլուզման պահին ունեն իրավական ուժ: Ոչ թե ավելի լավն են, ոչ թե ավելի վատն են, այլ Խորհրդային Միության փլուզման պահին ուժի մեջ գտնվող քարտեզները և եկել հասել ենք այս քարտեզներին»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ բայց հիմա դուք ի՞նչ գիտեք՝ ես, ասելով Քյարքի, ի՞նչ տարածք նկատի ունեմ, մեծ մասա՞մբ նկատի ունեմ, թե՞ փոքր մասամբ նկատի ունեմ: Դա սահմանազատման հետագա հարց է»,- ի պատասխան՝ նշեց Փաշինյանը։





