Search
Close this search box.

«Հրապարակ». Աղազարյանի գրագրությունը հաստափոր գրքի պես դրել են սեղանին` առաջարկել են ծանոթանալ դրանց

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հովիկ Աղազարյանի հարցով հրավիրված խմբակցության նիստից ՔՊ-ականներն ապշահար են դուրս եկել։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունը տրորած Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը` չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից, պահանջել է պատասխանել, թե հեռախոսում այսինչի համարն ինչու պետք է լինի, ինչու է ֆլիրտ արել այսինչ կնոջ հետ:

Ապա հեռախոսի պարունակությունը փորձել է որպես կոմպրոմատ օգտագործել, որ նրան ստիպի մանդատից հրաժարվել: Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է տվել եւ տրցակներով ուղարկել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան։

Խմբակցության փակ նիստին ներկայացած Աղազարյանի գրագրությունը հաստափոր գրքի պես դրել են սեղանին` առաջարկել են ծանոթանալ դրանց, քանի որ «հանրային բարոյական նորմերը» խախտող փաստեր են պարունակում։

Բարեբախտաբար, ՔՊ-ի տղամարդկանց մի մասն ավելի բարոյական է գտնվել, քան իրենց առաջնորդը, եւ երբ ձեռքներն են վերցրել տպած թղթերն ու տեսել, որ մարդու ինտիմ գրագրությունն է, հրաժարվել են կարդալ:

Փոխարենը` ՔՊ-ական կանայք ուշադիր ընթերցել են 18+ նամակագրությունը, մանավանդ՝ սորոսական թեւի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջադեմ են համարում: ՔՊ-ի տղամարդկանցից մի քանիսը մասնավոր զրույցներում երեկ խոստովանում էին, որ նողկալի էր այդ ամենը, քանի որ մանկահասակ երեխաներն անգամ գիտեն, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի։

Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում երեկ չհերքեց, որ 18+ բովանդակության զրույցներ են եղել իր հեռախոսում։ «Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա…»,- ասաց նա՝ արական սեռի լրագրողներին առաջարկելով ծանոթանալ իր նամակագրության բովանդակությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում