Search
Close this search box.

ՀՀ–ն բոլոր ձվերը դրել է արևմտյան զամբյուղի մեջ և կտրվել տարածաշրջանից. Սուրենյանց

Տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի կարող լինել, չնայած նրան, որ տարածաշրջանում ակտիվացել է Հայաստան–Ադրբեջան հարաբերություների նկատմամբ հետաքրքրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետն այս եզրակացությանն է հանգել Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա թուրք պաշտոնակցի` Հաքան Ֆիդանի զրույցում ՀՀ Սահմանադրության վերաբերյալ հերթական հիշատակումից։ Այն, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքուն համարում է պահանջ, դա նորություն չէր, բայց ուշագրավ էր այն, որ դա հնչեցվեց թուրք–ադրբեջանական բանակցություններից հետո։
«Բայրամովը դա հնչեցրեց Ֆիդանի ներկայությամբ, Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, որը միանգամայն այլ իրավիճակ է ստեղծում։ Նախ` այդ պահանջը մեկ աստիճանով բարձրացնում է նշաձողը, որովհետև Սահմանադրության փոփոխությունը դառնում է թուրք–ադրբեջանական պահանջ։ Եվ երկրորդը` կարող ենք վստահաբար փաստել, որ տեսանելի ապագայում հայ–ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար գոյություն ունենալ չի կարող։ Բայրամովի հնչեցրածը ավելի շատ դրա մասին էր, քան ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջի»,–ասաց Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ակտիվությանը տարածաշրջանում, մասնավորապես ՌԴ–ի և Թուրքիայի կողմից, դա առաջին հերթին մայրաքաղաքների սեփական շահերի շրջանակում պետք է դիտարկել։ Այլ հարց է, որ առանց Հայաստանի մասնակցության քննարկում են ՀՀ–ին վերաբերող հարցեր և Հայաստանին լավագույն դեպքում տեղյակ են պահում դրա մասին։

Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի համար փակուղային իրավիճակ է ստեղծվել, որն ի ցույց է դնում, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգն ամբողջովին տապալվել է։ Ըստ նրա` այս իրավիճակում Բաքուն չի զսպելու իր գայթակղությունը և փորձելու է պատերազմի շանտաժի միջոցով նոր զիջումներ կորզել, ինչի համար էլ վերջին օրերին հրադադարի խախտումների վերաբերյալ ապատեղեկատվություններ է տարածում։

«Մոտավորապես մոտենում ենք այն տխուր հանգրվանին, որ Ալիևը որևէ մեծ պետության կամ մեծ պետությունների կհարցնի` ով է Հայաստանի համար պատասխանատու, որպեսզի նրա հետ քննարկի Հայաստանի ճակատագիրը։ Օրինակ` ինչպես Բաքու այցից հետո Մոսկվայից զանգ հնչեց Երևան։ Պուտինը Փաշինյանին, ըստ երևույթին, ներկայացնում էր այն բովանդակությունը, որը ձևավորվել էր Բաքվում։ Շատ նվաստացուցիչ վիճակ է ստեղծվել։ Այսինքն` Հայաստանի իշխանությունները, բոլոր ձվերը դնելով մեկ արևմտյան զամբյուղի մեջ, ըստ էության իրենց անհաղորդ են դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, որտեղ մի կողմից Մոսկվան է շատ ակտիվ, մյուս կողմից` Թուրքիան»,–ընդգծեց նա։
Այս համատեքստում` Սուրենյանցի համար կանխատեսելի էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար ռուսական միջնորդության առաջարկին Ադրբեջանի դրական արձագանքը։ Սա էլ Բաքվի կողմից մտածված քայլ էր, քանի որ գիտեր` Երևանը մերժելու է։

«Հայաստանի դիրքորոշումն այնքան պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի է, ինչո՞ւ պետք է Ադրբեջանն իր վրա վերցներ Ռուսաստանին ոչ ասելու պատասխանատվությունը, որը որոշ դեպքերում ռիսկային է, որովհետև որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի մեր տիպի պետությունները շատ դժվար են ոչ ասում` տարբեր պատճառներով` բալանսից ելնելով, ռեսուրսային իրողությունները հաշվի անելով։ Հենց այդպես էլ եղավ»,–հավելեց Սուրենյանցը։
Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատում է, որ Պուտինը չի դադարեցնում իր միջնորդության մասին հիշատակումները, և դրա վկայությունը երեկ Պուտինի զանգն էր Ալիևին, որի ժամանակ, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Ռուսաստանը վերահաստատել է իր միջնորդական ջանքերի մասին։

Քաղաքագետի դիտարկմամբ` եթե ռեգիոնի մյուս երկրների ղեկավարները զբաղվում են ակտիվ դիվանագիտությամբ, Հայաստանի ղեկավարը զբաղված է հեծանիվ վարելու հմտություններ ձեռք բերելով, Tik Tok–ով, հնարավոր ամեն ինչով, բացի այն գործառույթից, որը տեղավորվում է իր մանդատի մեջ։