ՀՖՖ-ն դատապարտում է երկրպագուների պահվածքը. իրավապահները կմիջամտեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է հայկական ֆան շարժումների բողոքի գործողություններին, որոնց հետեւանքով փետրվարի 28-ին ընդհատվել եւ անավարտ է մնացել Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրի «Գանձասար» — «Արարատ» մրցախաղը։

«Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար» — «Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների կողմից իրականացվող անկարգություների պատճառով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:

Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց:

Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:

Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»: