Արդեն մի քանի օր է՝ առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանումը դեպի ՌԴ։
Իրական պատճառը մեկն է՝ օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել է աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ և ինչպես ժողովուրդն է ասում «ծանրաձողը գցել է ոտքին», որի հետևանքները կրում են և կրելու են ՀՀ քաղաքացիները։ Իհարկե, այս պարագայում ևս «փրկության է գալիս» սեփական մեղքը այս ու այն կողմ բարդելու անպատասխանատու առաջնորդությունը․ «Մեղավոր են ծաղիկ մշակող գյուղացիները, որ չեն պահպանում սանիտարական կանոնները։ Մեղավոր է բնությունը, որ բերում է բնական արհավիրքներ։ Մեղավոր են ռուսական կամ վրացական կողմերը, որ չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները և այլն ․․․»։
Այս դեպքում՝ էլ ի՞նչ անի «խեղճ» կառավարությունը․ «Արտոնյալ վարկով օգնել է գյուղացուն, որ ջերմոց կառուցի։ Ինքնիշխան է, բայց միայն երկրի ներսում։ Սակայն երկրից դուրս ի՞նչ անի, որ հիմա չի կարողանում գործադրել միջազգային մեխանիզմները և լուծել պարբերաբար առաջացող՝ գյուղմթերքի արտահանման խնդիրները։ Իր տված սերտիֆիկատներին գործընկեր երկրները չեն վստահում, արտահանվող ծաղկի հայկական ծագմանը չեն հավատում, բանակցությունները ապարդյուն են և այսպես շարունակ ․․․»։ Հետևանքներն էլ կրում ենք մենք բոլորս։ Հանրային միջոցները փոշիանում են, քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմոցային տնտեսությունները սնանկանում են։ Գյուղացին ամբողջ տարի ընտանիքով քրտնաջան աշխատում է, իր միջոցներից ծախսեր է կատարում, բերք է ստանում, սակայն չի կարողանում վաճառել, կորցնում է եկամուտները, բնականաբար, չի կարողանում մարել իր վարկը, կորցնում է նաև իր ունեցվածքը։ Հետևանքը պարզ է՝ գյուղացին կա՛մ քրտնաջան աշխատողից և բարիք ստեղծողից դառնում է աղքատ և նպաստառու, կա՛մ արտագաղթում է՝ հույսը վերջնականապես կորցրած։ Ցավոք սրտի այս բանաձևը ունենում է երկարաժամկետ ու անդառնալի հետևանքներ․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է նաև այն հիմնապատճառով, որ վտանգված է գյուղմթերքի արտահանումը։ Արտահանման խնդիրների պատճառով այս տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը ևս կրճատվել է 14,1 տոկոսով։ Իսկ ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը, որոնց հիմնական մասը գյուղաբնակներ են, այս իշխանության կառավարման անցած յոթ տարիներին շարունակաբար վատանում է։