Երևանի ավտոբուսների վարորդները հրահանգ են ստացել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենությունը վարորդներին հրահանգել է ընդվզել թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, այլապես աշխատավարձ չեն ստանա։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

Ըստ պարբերականի` վարորդներին հրահանգել են չընդունել 100 դրամանոցներ և պարտադրել, որ քաղաքացիները վճարեն նոր սակագներով։
«Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը հավանաբար տալիս է իր արդյունքը, և քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար անցել են խիստ սանկցիաների։ Երեկ համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսևորել»,– գրում է թերթը։
Որոշ ավտոբուսների վարորդներ մետաղադրամները շպրտել են բոյկոտողների վրա, ինչից հետո վեճեր և քաշքշուկներ են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Պարբերականը նաև հայտնում է, որ իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում և փորձում է հարցը տեղափոխել վարորդների և քաղաքացիների տիրույթ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ընդդիմադիրների բոյկոտին` նրանք կա՛մ 100–դրամանոց են դնում վարորդի մոտ և իջնում, կա՛մ պարզապես չեն վճարում։