Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել և շահագործել սեփական նպատակների համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Նրանք դա փորձում էին անել ի սկզբանե, այն ժամանակից սկսած, երբ ԼՂ մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկվեցին, սակայն մի քանի անգամ հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել բողոքի գործողությունների և մնացածի, կարծես թե հետ էին կանգնել այդ մտքից: Հիմա կարծես կրկին փորձում են դա անել և անել նողկալի եղանակով:
Գնում են այնպիսի ռադիկալ մտքեր ունեցող ԼՂ քաղաքացների են խոսեցնում, այնպիսի ատելության խոսք են տալիս եթեր իրենց լրատվականներով, որին ի պատասխան հնչելու է ատելության խոսք: Չի կարող չհնչել ուղղակի: Իհարկե, ես դատապարտում եմ ատելության խոսքը, բայց երբ մի կողմից ատելության խոսք է հնչում, մյուս կողմից էլ է հնչելու, ուզես թե չուզես: Հետո սկսում են ներկայացնել, որ իբրև իշխանության կողմից ատելության քարոզ է տարվում, այնինչ չկա նման բան ուղղակի:
Իրենց երջանկությունը, նպատակը և նպատակների գագաթնակետը հետևյալն է՝ մարգինալացնել ԼՂ մեր քույրերին և եղբայրներին, այնպես անել, որ նրանք մտածեն, թե իբր իշխանությունը իրենց նկատմամբ ատելություն է տարածում, ու նրանց օգտագործեն իշխանության դեմ միտինգների համար. դա է ամբողջ նպատակը, ուրիշ նպատակ չկա»,- ասաց Ալեքսանյանը: