Search
Close this search box.

Բայրամովը վերստին կրկնել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, դժգոհել ռազմական բյուջեի աճից

Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը վերստին կրկնել է Բաքվի դիրքորոշումը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը «պետք է մեկընդմիշտ հրաժարվի իրավական հարթության վրա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխություններ մտցնելով», ինչպես նաև դժգոհել ռազմական բյուջեի ավելացումից, «հարձակողական սպառազինության ձեռքբերումից», փոխանցում է Ազատությունը։

Երևանը Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, իսկ սպառազինության մասին մեղադրանքներին ի պատասխան հայտարարում, որ յուրաքանչյուր երկրի իրավունքն է ունենալ ուժեղ բանակ։

Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող երկրի ղեկավար Իլհամ Ալիևն օրերս շեշտել էր՝ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ հաստատում բազմաթիվ երկրների հետ։

Հայաստանի ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլար։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա քննարկումների շրջանակներում Բայրամովը նշել է, որ անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում, «մասնավորապես երկկողմ համաձայնագրի նախապատրաստման», սահմանազատման, «ինչպես նաև վստահության զարգացման գործում»։