Ինչպես գիտեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Ըստ այդ վիճակահանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը թե Փարաքարում և թե Գյումրիում բաժին է ընկել թիվ 1 ընտրաթերթիկը: Ասեմ, որ սա թաղային մակարդակի շուստրիություն է ԿԸՀ-ի կողմից, և ընտրակեղծիքների դուռն, ըստ էության, բացված կարելի է համարել:
Իսկ հիմա՝ ավելի հանգամանալից…
Եվ այսպես, Փարաքարում ընտրողին տրամադրելու են 4 քվեաթերթիկ՝ 1-4 համարակալմամբ, իսկ Գյումրիում՝ 9 քվեաթերթիկ՝ 1-9 համարակալմամբ: Թե Փարաքարում և թե Գյումրիում 1-ին քվեաթերթիկում նշված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչը նշանակում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկ տրամադրող անդամը քաղաքացուն տալու է համապատասխան թվով (4 և 9) քվեաթերթիկների կապ, որի առաջին էջում միշտ կարող է դրված լինել ՔՊ-ի քվեաթերթիկը: Թե այսքան կուսակցությունների ու դաշինքների մեջ չկողմնորոշվող ընտրողը ո՞ր քվեաթերթիկը կդնի ծրարի մեջ, կարծում եմ, դժվար չէ գլխի ընկնել: Ամենահեշտը, բնականաբար, հենց 1-ին պատահած թերթիկը վերցնելն ու ծրարի մեջ դնելն է: Սա, ինչպես ասացի, ԿԸՀ-ի կողմից լարված թաղային մակարդակի ծուղակ է, ինչպես և այն, որ ԿԸՀ-ն Փարաքարի և Գյումրու ընտրությունների մասնակից կուսակցությունների և դաշինքների համարները որոշող վիճակահանությունը կատարել է մեկ արկղից: Կարելի էր կատարել երկու տարբեր վիճակահանություն, և այդ դեպքում ՔՊ-ն, գուցե, երկու տեղում էլ 1-ին համարի քվեաթերթիկ չստանար:
Դե ինչ, շնորհավորենք ՀՀ ժողովրդական նկարիչ Վահագն Հովակիմյանին այս խելացի «վիճակահանության» կապակցությամբ և անցնենք տեղամասային ընտրական հանձնաժողովների լիկբեզին: Սիրելի տիկնայք և պարոնայք հանձնաժողովականներ, հիշեք, որ հանձնաժողովների ձևավորումից հետո դուք դադարում եք լինել այս կամ այն կուսակցության անդամ, համակիր, քավոր, սանիկ և այլն: Հետևաբար պետք է լինեք անաչառ և բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ստեղծեք: Խոսքն այս դեպքում ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի կողմից նշանակված հանձնաժողովականների մասին է՝ ՔՊ, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինք: ՔՊ-ական հանձնաժողովականները, բնականաբար, կպնդեն, որ քվեաթերթիկները դասավորվեն ըստ համարների (1-4 և 1-9): Չլինեմ, չիմանամ՝ համաձայնեք: Մի ալարեք, քվեաթերթիկները դասավորեք խառը: Դրանով դուք կկանխեք ԿԸՀ-ի թաղային շուստրիության շնորհիվ իրականացվող ամենաանհեթեթ, բայց և առաջին ընտրախախտումը:
Հ.Գ. ՔՊ-ից տարբերվող և ՔՊ-ի հետ չասոցացվող ուժերին կխնդրեի հենց վաղն առավոտյան հավաքվել Վահագն Հովակիմյանի կոտոշներ և սմբակներ հաշվող կանտորայի առաջ և պահանջել նոր վիճակահանություն՝ Փարաքարի և Գյումրու ՏԻՄ ընտրությունների համար առանձին-առանձին:
hraparak.am