Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հուլիսի 7-ին, ժամը 20։30-ի սահմաններում երեխան ծնողների հետ գտնվել է հորեղբոր՝ Արմավիրի մարզի տանը։ Տան բակում խաղալու ժամանակ երեխան, ծնողների անուշադրության հետևանքով, անզգուշությամբ քաշել է խորովածի մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա, և նա ստացել է «գանգուղեղային վնասվածք»։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։





