Search
Close this search box.

Արևմուտքը կովկասյան տարածաշրջանում թեժացնում Է անկայունությունը. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա։

«Արևմուտքը թեժացնում է անկայունությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Իրադրությունը կայուն լարված է նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ չեն նվազում Աֆղանստանից թմրանյութերի սպառնալիքի, ահաբեկչության և ծայրահեղականության տարածման ռիսկերը»,- «Союзники.ОДКБ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Վասիլևը։

Նա նաև մատնանշել է ՆԱՏՕ-ի աճող ակտիվությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, այդ թվում՝ միջուկային ներուժ ունեցող սպառազինության համակարգերի հնարավոր տեղակայումը:

Կազմակերպությունը Եվրոպայում, ընդհանուր առմամբ, լարվածության աննախադեպ աճ է արձանագրում։ «Ռազմավարական իրավիճակը վատթարացել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելուց հետո»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: Երևանը, սակայն, հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին։