«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
70-ամյա մարդուն «մասկի շոուներով» գետնին տապալելու և այդ կադրերը հրապարակ նետելու տեսարանը լիակատար բարոյական անկման ախտորոշում է։ Սա բացահայտ այլանդակություն է, որտեղ անցել են մարդկայնության, հարգանքի և արժեհամակարգի բոլոր հնարավոր կարմիր գծերը։
Ամենասարսափելին այն տհաճ հրճվանքն է, որով համակարգն ու իր պալատականները փորձում են մատուցել այս տեսարանը։ Նրանց, ովքեր կփորձեն արդարացնել այս վայրագությունը «օրենքի կիրառմամբ», հիշեցնե՛նք. այն դեպքում, երբ երկրում մարդասպաններն ու ծանր հանցագործություններ կատարած անձինք ձերբակալվում են առանց նմանատիպ թատերականացված տեսարանների, խոշոր գործարարի հանդեպ նման անհամաչափ ու նվաստացուցիչ ուժ կիրառելը և դրանով հրապարակավ հպարտանալը փաստում է միայն մեկ բան՝ իշխանության հոգեբանական սնանկությունն ու վրեժխնդրությունը։
Արդարադատությունը փոխարինվել է էժանագին պատժիչ թատրոնով, իսկ բարոյական նորմերը պարզապես ոտնատակ են արվել աթոռը պահելու հիստերիայի մեջ:





