Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պետությունները զգալի հաջողությունների են հասել հարաբերությունների կարգավորման գործում՝ առանց նախապայմաններ առաջադրելու, և երկխոսությունը կշարունակվի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում։
Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի «Թուրքական տանը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում:
Ըստ գործակալության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը և «պատմական նոր դարաշրջանում բարեկամական հարաբերությունների հաստատմանը»: Թուրքիայի առաջնորդի գրասենյակը ևս հաստատել է, որ այդ նպատակներին հասնելու ջանքերը շարունակվում են։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Հնարավոր է ավելի արդար աշխարհ» վերնագրով գիրքը:
Հիշեցնենք` Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին: Փաշինյան–Էրդողան սպասվող հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները։