Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է իր դեմ կազմակերպված ստորագրահավաքին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իր դեմ սկսված ստորագրահավաքին։ Նա գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։

«Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը»

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգեվորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգեվորականի այդ հորդորից նա, կարծես, չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր:
Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել. լարվածության նոր առիթ ստեղծելու ու իմ անունը շահարկելու նպատակով: Սակայն համոզված եմ, որ տհաճ, ափսոսանքի արժանի միջադեպը չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե լրագրող Հ.Ջեբեջյանն իր հերթին պահպաներ մասնագիտական էթիկայի տարրական կանոնները։
Շատ ուղիղ պետք ասեմ, որ իմ դեմ ստորագրահավաք կազմակերպած լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ եւս ունեն էթիկակական նորմերի պահպահման խնդիր։ Նրանք կարող են հետապնդել քեզ ցանկացած տարածքում, միտումնավոր խախտել քո անձնական տարածքը, սադրիչ, մարդկային արժանապատվությունը վիրավորող հարցեր տալ՛. ամբողջը չթվարկեմ.. Համաձայնվեք, որ ապատեղեկատվությամբ, չարությամբ գրված կամ արտասանած տեքստերը որեվէ կապ չունեն լրագրություն հետ:
Իսկ ես միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրեցի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն, որի իմաստը հետեվյալն էր. լրագրողի խոսքը պետք է մաքուր լինի, կեղծիքից, ատելության խոսքից ու մանիպուլյացիաներից զերծ։ Մնացած եզրակացություններն ու հետեւությունները թողնում եմ ձեզ: Յուրաքանչյուր անձ իմ խոսքերում կարող է գտնել իր կրթվածությանը, բարոյականությանն ու դաստիարակությանը համապատասխանող իմաստ։
Եվ վերջում բոլորիս համար առանց մեկնաբանության Աստվածաշնչից երկու մեջբերում անեմ.
1.Սաղմոս 18, որում ասվում է. «Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը, Եւ սրտիս խորհուրդները յարաժամ քո առջև լինեն»:
2. Ավետարան ըստ Մատթէոսի. «Ինչո՞ւ քո աշակերտները երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»,-հարցրին փարիսեցիները: Եվ Յիսուս ասաց. «Լսեցեք և իմացեք, ոչ թե ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»: