Ադրբեջանը օրակարգ է բերում արհեստական նախապայմաններ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում հարցազրույց է տվել Բրազիլիայի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող Folha-ին։
Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման մասին.

«Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։ Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։

Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։

Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։

Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։

Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։

Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այսհարցի վերաբերյալ։

Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է.

«Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»։