Search
Close this search box.

350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելու համար էլեկտրոնային հերթում գտնվող բեռնատարների մեկ երրորդը հայկական է, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 1080 բեռնատար, այդ թվում՝ դեպի Վրաստան ընթացող հայկական 350 բեռնատար։

Ներկայում «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անցակետում խցանումները կապված էին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: