Հազարավոր ուկրաինացի զինվորներ են մասնակցում հարձակմանը Ռուսաստանի Կուրսկի մարզում, որի նպատակն է «ապակայունացնել» Ռուսաստանը, AFP գործակալությանը հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան Ուկրաինայի անվտանգության կառույցներում։
«Մենք հարձակում ենք իրականացնում։ Նպատակը հակառակորդի դիրքերը ձգելն է, առավելագույն կորուստներ պատճառելը եւ իրավիճակի ապակայունացումը Ռուսաստանում, քանի որ նա ի վիճակի չէ պաշտպանել իր սեփական սահմանը»,- գործակալությանն ասել է պաշտոնյան՝ խնդրելով չնշել անունը։
Ռուս զինվորականները ավելի վաղ հայտնել էին, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գործողությանը մասնակցել է մոտ 1 000 զինվոր, բայց գործակալության զրուցակիցը Կիեւում հայտնել է, որ նրանք անհամեմատ ավելի շատ են։ Նրա խոսքով՝ Կուրսկի մարզ ներխուժումը զգալիորեն բարձրացրել է ուկրաինացիների բարոյական ոգին, տեղեկացրել է BBC-ն։
«Դա զգալիորեն բարձրացրել է մեր մարտական ոգին, ուկրաինական բանակի, պետության, հասարակության մարտական ոգին,- ասել է պաշտոնյան։- Այդ գործողությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք անցնել հարձակման, առաջ շարժվել»։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Ուկրաինան «խստորեն կեհետեւի միջազգային հումանիտար իրավունքին» Ռուսաստան ներխուժման ժամանակ եւ չի նախատեսում անեքսիայի ենթարկել որեւէ տարածք։
«Շատ կարեւոր է, որպեսզի Ուկրաինան չխախտի ոչ մի կոնվենցիա։ Մենք խստորեն հետեւում ենք հումանիտար իրավունքի պահպանմանը. Չենք գլխատում գերիներին, չենք բռնաբարում կանանց, դիակապտություն չենք անուն»,- հավաստիացրել է նա։
Այնուամենայնիվ, Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի տարածք չի թուլացրել ռուսական զորքերի հարձակումը Ուկրաինայի արեւելքում, թեեւ գրոհների ինտենսիվությունը մի փոքր նվազել է։
Գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ ռուսաստանցիները զորքերը հետ չեն քաշում արեւելյան դիրքերից, բայց ռուսական գրոհների ինտենսիվությունը մի փոքր նվազել է։