«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նոր դատավորի։ Ըստ «Դատալեքս»-ի՝ գործը քննելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը։ Նոր դատավորը դեռևս նիստի օր չի նշանակել։
Ռուշանյանը ծնվել է 1997 թվականի մարտի 9-ին Երևանում։ Իրավագիտություն է սովորել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանում, Սորբոնի և Քեմբրիջի համալսարաններում։ 2017-2020 թվականներին եղել է «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ, իսկ 2020-2022 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2023 թվականի հուլիսին նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2024 թվականի օգոստոսից դատավոր է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք, որ կաթողիկոսի գործը նախկինում մակագրված էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որը հայտնել էր ինքնաբացարկ։ Մանուկյանն իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2021 թվականին Փաստաբանական ակադեմիայում սովորելու ընթացքում գործով կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ իր փաստաբանական արտոնագիրը բանավոր քննությունից հետո տվել էր հենց Զոհրաբյանը։
Դատավորը նշել էր, որ այդ հանգամանքները կարող են անաչառ դիտորդի մոտ կասկած առաջացնել իր անկողմնակալության վերաբերյալ։
Վերը նշված գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին։ Կաթողիկոսը նրան պաշտոնանկ էր արել, սակայն դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում։ Մայր Աթոռը, սակայն, նրան պաշտոնում չի վերականգնել, փոխարենը կարգալույծ է արել՝ հայտարարելով, որ նման հարցերը դատարանի իրավասության շրջանակում չեն, և դրանց միջամտությունը եկեղեցու ինքնավարության միջամտություն է։
Քննչական մարմինը Մայր Աթոռի այս քայլը դիտարկում է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։
Ինչ ունեցվածք ունի Սերժ Ռուշանյանը
Սերժ Ռուշանյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ տարվա ընթացքում նա նվիրատվությամբ ստացել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։ Գույքը նույն տարվա փետրվարի 28-ին նվիրատվությամբ օտարվել է։ Երկու գործարքների արժեքը հայտարարագրում նշված է 0 դրամ։
Տարվա սկզբում Ռուշանյանի անունով եղել է 2007 թվականի արտադրության Land Rover ավտոմեքենա, որը նա 2022 թվականին ստացել էր նվիրատվությամբ։ 2025 թվականի դեկտեմբերի 20-ին մեքենան վաճառել է 4 մլն դրամով։
Հայտարարագրում միաժամանակ նշված է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր նա փաստացի տիրապետել է 2025 թվականի արտադրության Toyota ավտոմեքենայի, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանել»։





