Դատարանը ևս երեք ամսով երկարացրեց «Ուժող Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը: Սա նշանակում է, որ Կարապետյանը զրկված կլինի մասնակցել իր ղեկավարած ուժի նախընտրական քարոզարշավին, հնարավորություն չի ունենա հանդիպել իր համախոհների հետ, ղեկավարել իր կուսակցության գործունեությունը: Սա նշանակում է, որ առաջիկա ընտրությունների ազատությունն ու արդարությունը, ըստ այդմ դրա արդյունքների հավաստիությունը դրվել է կասկածի տակ: Ոչ արդար և ոչ ազատ մրցակցության պայմաններում արդյունքը չի կարող վստահելի համարվել: Բայց Փաշինյանը սրանով չի սահմանափակվում:
Նա քրեական հետապնդում է հարուցում «Ուժող Հայաստան»-ի ներկայացուցիչների նկատմամբ, նրանց մեղադրելով իբրև թե ընտրակաշառք ստանալու մեջ: Հրապարակվում են ինչ-որ ձայնագրություններ, որոնք ոչ միայն ոչ մի հավաստիություն չունեն, այլ նույնիսկ դրանց հավաստիության դեպքում չի կարելի ասել, որ խոսքը ընտրակաշառք բաժանելու մասին է: Մյուս կողմից իշխանությունը ունի հատուկ ծառայություններ, որոնք փոխարեն զբաղվեն երկրի արտաքին անվտանգությունը ապահովելով, զբաղված են նախընտրական պայքարում իշխանության շահերը սպասարկելով: Մի թե հատուկ ծառայությունները չեն կարող գործակալներ ներդնել որևէ կամ ցանկացած կուսակցությունում, նախընտրական շտաբում, և նրանց միջոցով նման կեղծ գործեր սարքել: Կարող են, եթե այդ ծառայությունները առաջնորդվում են ոչ թե օրենքով իրենց վերապահված լիազորություններով, այլ վարժեցվել են նախընտրական, քաղաքական պայքարի գործիք դառնալու համար: Բայց Փաշինյանը սրանով չի սահմանափակվում:
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք ունեն անձանց բավականին հաստափոր տրցակ՝ որոնք համապատասխան մարմինների գնահատմամբ և ձեռք բերված տվյալներով, գործում են այլ երկրների օրակարգով․ «Եթե այդ մարդիկ դեռ ազատության մեծ են, դա նշանակում է, որ իրենք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Կան, որ շատ մոտիկ են այդ գծին, եզրով քայլում են։ Երբ որ հատեն գծերը, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակը ունեմ՝ անուն-ազգանունով, կոնտակտներով։ Ես խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին»:
Այսպիսով Փաշինյանը սպառնում է, որ իր քաղաքակա ընդդիմադիրներին կարող է հռչակել օտարերկրյա գործակալ`լրտես, և այդ հիմքով նրանց ընդհանրապես դատապարտել 10-15 տարվա ազատազրկման: Սա այն դեպքում, երբ արդեն տևական ժամանակ մարդիկ իրեն են մեղադրում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական օրակարգը սպասարկելու մեջ, սակայն իր ենթակայության տակ գտնվող մարմինները, չեն կարող դրա մասին տեղեկություններ ունենալ, քանի որ ծառայում են իրեն:
Ասպիսով կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը անազատությունից զրկելով իր քաղաքական հիմնական հակառակորդին, քրեական գործեր սարքելով նրա աջակիցների նկատմամբ, սպառնալով, որ նրանց կարող է ընդհանրապես հռչակել օտարերկրյա գործակալ, նախընտրական փուլը և դրանով նաև բուն ընտրությունը վերածում է ֆարսի: Ֆարս՝ կեղծ և սարքովի լինելու իմաստով, որովհետև եթե չկա ազատ մրցակցություն, չկա և ազատ ընտրություն: Չեն կարող ընդդիմության առաջնորդները լինեն քրեական հետապնդումների և հալածանքների տակ, և այդ պայմաններում խոսել ընտրության վստահելի արդյունքներից:
Փաշինյանի նպատակը մեկն է, տապալել հունիսի 7-ին նշանակված ընտրությունները, որովհետև ինքն էլ է հասկանում, որ արդար մրցակցության պայմաններում ինքը չի կարող հաղթել: Դրա համար իրեն մնում է «Դիկտատոր» հայտնի ֆիլմի հերոսի օրինակով առաջ գնալ:
Իհարկե պարզ է, թե ինչով են ավարտում իրենց կարիերան բռնապետերը, բայց մինչև դրա ավարտը նրանք հսկայական վնաս են հասցնում թե երկրին, թե հասարակությանը: Բայց դա այն գինն է, որը յուրքանչյուր հասարակություն վճարում է իր սխալ ընտրության համար:
Armlife.am





