Շատ ցավով ընդունեցինք այն, ինչ կատարվում է Հայաստանում Մայր Աթոռի և Վեհափառի անձի շուրջ։ Մենք հավաքվել ենք և գրավոր ձևով դատապարտել ենք այդ ամենը։ Այս մասին հայտարարել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը։
«Որևէ ձևով չենք ընդունում այս վերաբերմունքը մեր Եկեղեցու, առավել ևս Վեհափառի նկատմամբ, դա բոլորիս է վերաբերվում։ Խնդրանքս է պատկան մարմիններին, որպեսզի դադարեցնեն այս ամենը Եկեղեցու հանդեպ»,- ասել է Մովսես արքեպիսկոպոսը։
Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը Վեհափառին բնութագրել է որպես ազնիվ, պարկեշտ, բարի ու նվիրված հոգևորական։
«Այն, ինչ կատարվում է կամ փորձում են վերագրել Վեհափառին, իրականությանը չի համապատասխանում։ Դա ուղղված է եկեղեցուն, և հետևաբար՝ նաև մեզ», — նշել է նա։
Արքեպիսկոպոսը եզրափակել է իր խոսքը կոչով՝ հորդորելով դադարեցնել նման վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։