Թուրքիան իր օդային տարածքով անցնելու թույլտվություն չի տվել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի` Աստանա մեկնող ինքնաթիռին։ Այս մասին հայտնում է havasosyalmedya կայքը։
Անկարայի դիվանագիտական աղբյուրն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների համար, բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական թռիչքների համար, իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի երկինքը տարանցիկ թռիչքների համար:
«Անկարայի մերժման պատճառով երթուղին փոխվել է, և օդանավն անցել է Եվրոպայով և Ռուսաստանով», — գրում է կայքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ստանդարտ երթուղու դեպքում ինքնաթիռը կարող էր անցնել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքով, ինչը զգալիորեն կրճատում է ճանապարհորդության ժամանակը:
Երթուղու փոփոխության հետևանքով Թել Ավիվից Ղազախստանի մայրաքաղաք թռիչքը տևել է մոտ 8 ժամ:
Հիշեցնենք` Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց Գազայի հատվածում սկսված ռազմական գործողությունների պատճառով։ Անհրաժեշտության դեպքում երկրները միմյանց հետ շփվում են միայն հատուկ ծառայությունների միջոցով։





