Search
Close this search box.

ՏԻՄ օրենքում իրականացվող փոփոխությունները միտված են ոչ ՔՊ անդամ համայնքի ղեկավար ունեցող համայնքներում սահուն իշխանազավթմանը. Նարեկ Միրզոյան

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՏԻՄ օրենքում նախաձեռնված փոփոխությունների արդյունքում իշխանությունը հնարավորություն է ստանում ոչ յուրային համայնքապետ ունեցող համայնքներում նախ ստեղծել կառավարման ճգնաժամ, ապա ստեղծված արհեստական ճգնաժամը «հանգուցալուծել» յուրային համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։
Մասնավորապես` փոփոխությունների արդյունքում` «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 27-րդ հոդվածը լրացվում է հետևյալ բովանդակությամբ՝ նոր 2.3.-րդ մասով. «2.3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, և միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։
Վերոնշյալ իրավակարգավորումը հեռու է ժողովրդավարությունից և ժողովրդավարական արժեքներից։ Այլապես իշխանություններն առնվազն օրենքով կկարգավորենին, որ օրինակ` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն իրավունք չունի առաջադրվելու առաջիկա ընտրություններում։ Այս կարգավորմամբ գոնե կփարատվեին այն ողջամիտ կասկածները, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի օգտագործելու վարչական ռեսուրսներ։
Իշխանությունները իրենց օրեցօր գահավիժող վարկանիշին զուգահեռ նախաձեռնում են իշխանազավթման առավել դյուրին կառուցակարգեր։