«Սա ամենավառ օրինակներից է՝ ինչպես կարող է խոսքը կամ փաստն աղավաղվել, և տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացվել»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախարարության կողմից վերջերս տարածված հայտարարությանն ու դրա արձագանքներին։
«ԶԼՄ–ներից մեկը հարցրել էր մեզ՝ Իլհամ Ալիևի ասածը ճիշտ, մենք ասել էինք, որ մենք փորձում ենք Հայաստան–Ադրբեջան բանակցությունների շրջանակումյ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը՝ այդ թվում միջազգային երաշխիքների ստեղծման ճանապարհով։ Մենք վստահ էինք, որ այդ մեխանիզմի ստեղծման, երկխոսության հաստատման պարագայում հնարավոր էր որոշակի հարցեր լուծել։ Փաստ է, որ բռնի տեղահանությունից և լուծարուման մասին հանրահայտ փաստաթղթի հրապարակումից հետո այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել՝ այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք»,–ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ դա է ընդամենը եղել ԱԳՆ–ի արձագանքը, և հայտարարեց, զարմացած է, թե ինչու են քննարկումներ ծավալվել այն մասին, որ իրենք են Արցախի հարցը հանել օրակարգից։
«Ես կրկնում եմ՝ կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի, և հիմա մեղադրել մեզ այդ հարցն օրակարգից հանելու մեջ… այն պայմաններում, որ երբ մենք այդ մասին խոսում էինք, մեզ մեղադրում էին։ Երբ ասում էինք, որ նշաձողն իջեցնել է պետք, և այդ պայմաններում մենք կկարողանանք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, հողեր ծախելու մեջ։ Շատ լավ կլիներ, որ ձեր ընդդիմադիր գործընկերները հիմա այստեղ լինեին, և այդ խոսակցությունը նրանց հետ գնար, բայց ոնց հասկանում եմ էլի կռվել եք, նեղացել, գնացել են։ Իրենք որևէ կերպ հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցությանը՝ այդ թվում այստեղ նստած մարդկանց դրդմամբ։ Հանրահայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում։ Էս հարցերի պատասխանը վերջը լրջորեն պիտի՞ տրվի, թե չէ։ Հիմա էլ ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց, ու՞մ են հիմարի տեղ դնում»,–հավելեց Արարատ Միրզոյանը։