Արդեն քանի օր է՝ Հայաստան–Իրան սահմանի «Ագարակ» անցակետով քաղաքացիների հոսքը Հայաստան չի դադարում։ Իրան–Իսրայել՝ օրեցօր ավելի թեժացող հակամարտությունը բազմաթիվ մարդկանց ստիպել է հնարավորինս արագ հավաքել ճամպրուկներն ու ճանապարհ ընկնել։ Նրանց թվում իրանցիներ են, հայեր, ռուսներ, հնդիկներ։
NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են Իրանում տիրող իրավիճակի, Հայաստան գալու որոշման, ճանապարհի դժվարությունների ու հետագա ծրագրերի մասին։
«Թեհրանում իրավիճակը շատ վատ էր, շատ քաղաքացիներ արդեն դուրս են եկել այնտեղից։ Այս ամենի մեղավորը Նեթանյահուն է, ինչո՞ւ անմեղ մարդիկ պիտի տուժեն, պատերազմը շատ վատ բան է»,– ասաց Թեհրանից եկած մի տարեց տղամարդ, որի ընտանիքի անդամների մի մասը դեռևս Իրանում են։ Նշեց, որ քույրը որդու ընտանիքի հետ ստիպված է եղել մնալ Թեհրանում, որովհետև քույրը վատառողջ է։
Իրանից եկած մեկ այլ տղամարդ էլ նշեց, որ իրավիճակն այնտեղ համեմատաբար նորմալ է, «վերահսկելի» այս պահին, ինքը Հայաստան է եկել Մոսկվա գնալու նպատակով։
Իրանից ժամանող քաղաքացիները դժգոհ են տաքսի ծառայությունների գներից՝ ասելով, որ Մեղրիից Երևան հասնելու համար իրենցից վարորդները մեկ անձի համար 100 և ավելի դոլար գումար են պահանջում:
«Կրկնակի կամ եռակի անգամ թանկացրել են տաքսի ծառայությունները այս իրավիճակով պայմանավորված»,–ասաց իրանցի մի տղամարդ։
Մեղրեցի վարորդները, սակայն, հերքում են նրանց պնդումները՝ ասում են՝ տաքսի ծառայությունների գները իրենք չեն փոխել՝ երեք անձին Երևան հասցնելու համար 60 հազար դրամ են ուզում։ 100 և ավելի դոլար պահանջում են դրսից եկած վարորդները։
«Թող մեղրեցիների անունը չգցեն։ Մարդիկ դժբախտության մեջ են, եկել են՝ 60 հազար դրամով Երևան ենք տանում։ Էս կանգնած վարորդների 90 տոկոսը մեղրեցի չի»,–ասաց տաքսու վարորդներից մեկը։