2022 թվականի հոկտեմբերի 6-ին նախորդող շրջանում ես տեսնելով զարգացումները, ՀԱՊԿ մեր գործընկերներին ասել եմ, որ ես տեսնում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ. ՀԱՊԿ մեր գործընկերները ասել են, որ իրենք դա հնարավոր չեն համարում, բայց առավել ևս Հայաստանի սահմանները իրենց համար կարմիր գիծ են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որտեղ նա նշել էր, որ ԼՂ-ում ռուսական զորքը վատ չէր կատարում իր գործը, մինչեւ այն պահը, երբ ՀՀ վարչապետը Պրահայում ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս, ու դրանով Ռուսաստանին որպես միջնորդ այդ միջնորդի աթոռը տակից վերցրել է։
««Երբ որ տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, երբ Հայաստանի տարածք ներխուժում է տեղի ունեցել, ընդ որում, դա առաջինը չի եղել, դրանից առաջ եղել է 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները, 2021 թվականի մայիսի իրադարձությունները, ես այդ երկխոսությունը, ես ձեզ ուղիղ եմ ասում, համարել եմ Հայաստանի համար անհարգալից, և ես, այո, որոշում եմ կայացրել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետք է նորից արձանագրեմ, 2022-ի հոկտեմբերի 6-ին, ինչքան էլ դա աբսուրդ հնչի, ՀՀ վարչապետը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, այո, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ:
Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի:
Երբ որևէ մի բան են ասում, հերթական սարսափազդու կամ հիմար միտքն են արտահայտում մեր հարգելի գործընկերները, ուրեմն, առաջին ռեակցիան իմացեք, եկեք ձեր խելոք, հիմար, իմաստուն, ոչ այդքան մտքերը հավաքեք, եկեք կանգնենք խոսենք: Ընդ որում, ազնիվ բան եմ առաջարկում, մեկը ընդդեմ երեքի»,-ասաց նա: