Քասախում լրագրողների հետ ունեցած զրույցում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանի կողմից ակտիվորեն տարածվող այն լուրերին, թե գոյություն ունի ձայնագրություն, որտեղ ինքն իբր ՌԴ նախագահին խնդրում է աջակցել Հայաստանից հեռանալու հարցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ Սիմոնյանի մակարդակն ու դաստիարակությունը բոլորին հայտնի են։ Քոչարյանը հիշեցրել է, որ իր երկրից դուրս գալու իրավունքը վաղուց սահմանափակված չէ, և ինքը տարեկան մի քանի անգամ մեկնում է արտերկիր. հետևաբար՝ ո՞րն է Պուտինի աջակցության իմաստը։
«Մարդկանց բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար վարակիչ չեն համարվում, բայց տվյալ պարագայում, երևի վիրուսային է․․․իրար հետ շփվում են, փոխանցում են…»,- նշել է Քոչարյանը՝ ակնարկելով կառավարության ղեկավարի վարքագիծը։
Քոչարյանն ընդգծել է, որ Պուտինի հետ նման խոսակցություն երբևէ չի եղել, իսկ ձայնագրությունը կարող էր ստեղծվել արհեստական բանականության (ԱԲ) միջոցով. «Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում»։ Ինչ վերաբերում է ձայնագրության իսկության մասին Փաշինյանի հայտարարություններին, քաղաքական գործիչը հեգնել է՝ նշելով, որ Փաշինյանն ամեն ինչի «փորձագետ» է։ Այն հարցին, թե ինչով է բացատրվում ռուսական թեմայով Փաշինյանի հռետորաբանության փոփոխությունը, Քոչարյանը հիշեցրել է նրա վարքագիծը, երբ հարձակումներին հաջորդում են «հարաբերություններում խնդիրներ չկան» ոճի հայտարարությունները։ Քաղաքական գործիչը ենթադրել է, որ Փաշինյանը կա՛մ ինչ-որ մեկի պատվերն է կատարում, կա՛մ փորձում է հաճոյանալ մարդկանց։ «Դուք ուզում եք, որ ես աբսուրդային ինչ-որ իրավիճակներ պարզաբանեմ»,- նշել է Քոչարյանը։
Այդուհանդերձ, նա վստահ է, որ նման վարքագիծը կարող է մեծ խնդիրներ առաջացնել երկրի համար. նա առաջարկել է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենար նմանատիպ հռետորաբանությունն ԱՄՆ-ի հասցեին։ Քոչարյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը մեծ ամբիցիաներով հսկայական երկիր է, և նման ոճով հարաբերություններ կառուցելն անթույլատրելի է։ Ընդհանուր առմամբ, Քոչարյանը Փաշինյանին և նրա բառապաշարը համարում է անգրագետ ու թերզարգացած, հավելելով, որ նրահ ետ անհնար է մրցել այդ առումով։





