Եթե գնային քաղաքականությունը լավ լինի, մեր ընտանիքը չէ՝ ցանկացած ընտանիք կուզենա, որպեսզի ավելի մրցունակ լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր ընտանիքը դիտարկում է Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել:
«Ես պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր ցանկանալու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով: Ոչ միայն իմ ընտանիքը, շատերը Ադրբեջանի տարածքից կօգտվեն, եթե գները հարմար լինեն: Լոգիստիկան բավականին ծախս է, դա նշանակում է, որ եթե հարևանիցդ վերցնես՝ լոգիստիկ ծախս չի լինի և ավելի էժան կարող ես ձեռք բերել»,- նշել է նա:
Անդրադառնալով ռուսական կողմից երկաթծի կոնցեսիոն կառավարումը վերցնելուն և իր դիրքորոշմանը այդ քաղաքականության վերաբերյալ՝ Սուքիասյանը նշեց, որ կարծում է դա ռուսների համար ևս ձեռնտու է:
«Այսօր բավականին ֆինանսական խնդիրներ կան: Լավ կլինի, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կայացնի, փոխհարաբերություններ ստեղծի, միևնույն է, Ռուսաստանը ևս շահելու է, որովհետև տարածաշրջանը սկսելու է շնչել, օրինակ՝ Հնդկաստանից Հայաստանով ապրանք է անցնելու, որտեղ Ռուսաստանը մաս է ունենալու: Ես չգիտեմ՝ այդ գիտակցությունը կլինի, թե ոչ, բայց պետք է ամեն ինչ անենք, որ տարածաշրջանը հարստանա»,- ասել է նա:





