Թբիլիսիում ընթանում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների եռակողմ հանդիպումը

Թբիլիսիում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը։

Հանդիպումն, ըստ հաղորդագրության, բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Բացման խոսքում նախարարն ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական դերը, տարածաշրջանի ներուժը և համագործակցության տարբեր ձևերը։

Եռակողմ հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով, որին մասնակցում են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Լաշա Դարսալիան, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը:

«Եռակողմ հանդիպումը չի հակասում և չի փոխարինում համագործակցության գոյություն ունեցող ձևաչափերին։ Ավելի շուտ, դա երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերն է կառուցողական և փոխշահավետ ներգրավվածություն հաստատելու համար», — նշված է հաղորդագրությունում:

«Հանդիպումը կքննարկի եռակողմ համագործակցության հնարավորությունները։ Կբացահայտվեն երեք երկրների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ինչպես նաև համագործակցության հնարավոր ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան համատեղ մոտեցումներ մշակել մի շարք հարցերի շուրջ։ Սա կլինի այսօրվա քննարկումների հիմնական առանցքը», -ըստ APA-ի՝ լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նախօրեին Բաքվում Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր՝ «Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»: Ադրբեջան այցից հետո՝ այս ամսվա վերջին, Կավելաշվիլին երկօրյա այցով նաև Հայաստան կգա։

Անցած ամիս էլ Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, խոսել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ավելի վաղ Թբիլիսին վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունվարին Երևանում հայտարարել էր, որ Թբիլիսին ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ՝ նշելով, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։