ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը խոսեց համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի մասին. «Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերնտերը հարկվելու են, հարկվելու է նաև գյուղատնտեսությունը: Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր»,- ասաց նա՝ հավելելով, որ սա ամենը չէ. քաղաքացիներին ոչ միայն հարկելու են, այլև՝ դատելու: «Բոլոր նրանց, ովքեր գիտեին, որ հայտարարագիր չլրացնելու դեպքում միայն վարչական պատասխանատվություն է սպառնում, ասեմ. ՔՕ համապատասխան հոդվածում սահմանված է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելն առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում է…»,- նշեց նա: Խամոյանն ասաց, որ հարցում է ուղարկել նաև Գլխավոր դատախազին՝ պարզելու՝ արդյո՞ք մարդը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի կամ կեղծ տվյալներ ներկայացնի: Հարցմանը պատասխանել է Եղիազար Ավագյանը՝ նշելով, որ «Բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից»:
Մանրամասները՝ տեսանյութում: