Search
Close this search box.

Սահմանադրության փոփոխության փոխարեն՝ արտահերթ ընտրություններ. ինչպես բավարարել Ալիեւին եւ ամրապնդել սեփական իշխանությունը

Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակում են պնդել այն թեզը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանն ադրբեջանական խմբագրմամբ Հայաստանի սահմանադրության ընդունումն է, որտեղից հանված կլինեն Ադրբեջանի համար ոչ ընդունելի բոլոր կետերն ու ձեւակերպումները: «Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»․ այս հայտարարության հեղինակն Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն է: Դրանից մի քանի օր առաջ էլ Ալիեւի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էր հայտարարել, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ՝ Հայաստանի հետ: Մենք արդեն գրել ենք, որ Ադրբեջանի ցանկությունն այն է, որ կապիտուլյացիան ստորագրի ոչ միայն Փաշինյանը, այլեւ Հայաստանի հասարակությունը՝ իր քվեարկությամբ հավանություն տալով Ադրբեջանի կողմից խմբագրված Հայաստանի սահմանադրությանը, հրաժարվելով Անկախության հռչակագրից եւ, ըստ էության` անկախությունից: 

Փաշինյանը հասկանում է, որ եթե ինքը քվեարկության դնի Սահմանադրությունը եւ դրանից Անկախության հռչակագրի հղումից հրաժարումը եւ դա ներկայացնի որպես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, դա կլինի ոչ միայն կատարյալ նվաստացում եւ խայտառակություն։ Փաշինյանը դրանից չի վախենում. մեկ անգամ չէ, որ խայտառակվել կամ նվաստացվել է, նա վախենում է, որ նման քարոզչության դեպքում հանրաքվեն կարող է եւ տապալվել, իսկ դա կլինի իր իշխանության ավարտը, մարդիկ դա կդիտարկեն որպես անվստահություն իր իշխանության հանդեպ: Հայաստանի քաղաքացիների նույնիսկ այն մասը, որը կողմ է, որ Փաշինյանը կապիտուլյացիա ստորագրի, միեւնույն է` չի ուզենա իր վրա վերցնել այդ կապիտուլյացիայի պատասխանատվությունը: Փաշինյանի մնացած փոքրաթիվ կողմնակիցներն իր նման են` անպատասխանատու, պատասխանատվությունից փախչող, պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու վարպետ: Ինչպես անել, որ ե՛ւ Ադրբեջանի պահանջները բավարարվեն, ե՛ւ սեփական իշխանությունն ամրապնդվի կամ առնվազն եւս մի քանի տարով երկարաձգվի. Փաշինյանը կարծես թե գտել է այդ հարցի պատասխանը: 
Նա Ադրբեջանին կարող է առաջարկել Սահմանադրության փոփոխության փոխարեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որտեղ իր հիմնական թեզը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Մեզ վստահության քվե տվեք, որ մենք կարողանանք գնալ եւ խաղաղության պայմանագիր ստորագրենք Ադրբեջանի հետ, ովքեր կողմ են, որ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք Ադրբեջանի հետ, թող իրենց քվեն տան ՔՊ-ին: Եթե Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կողմ քվեարկեց ՔՊ-ին, նշանակում է, որ նրանք կողմ են Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ահա եւ քեզ խաղաղության պայմանագիր Հայաստանի` նրա քաղաքացիների մեծ մասի հետ:

Ներկա խորհրդարանը ձեւավորվել է Հադրութն ու Շուշին վերադարձնելու, Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներում պաշտպանելու նախընտրական խոստումներով, ընտրողները սրանց քվե են տվել իբրեւ թե այդ նախընտրական խոստումները կատարելու համար: Փաստացի Փաշինյանը ոչ միայն չի կատարել այդ խոստումները, այլեւ ճիշտ հակառակը` իր ստորագրությամբ ճանաչել է Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս՝ այդպիսով լուծարելով եւ հայաթափելով Արցախի Հանրապետությունը կամ այն, ինչ մնացել էր Արցախի Հանրապետությունից: Խաղաղության պայմանագիրը պարունակելու է հոդված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ նրանից տարածքային պահանջներ չունենալու մասին: Եթե հայ ընտրողը հանուն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձայնը տալիս է ՔՊ-ին, ուրեմն միանում է Փաշինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրած հայտարարությանը, որով նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ իրենք ուզում են խաղաղության պայմանագիր ստորագրել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ՝ Հայաստանի հետ, հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնավարմանը մնացել է մեկուկես տարի ժամանակ, հիմա կարող են Փաշինյանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, իսկ մեկուկես տարի հետո իշխանության կարող են գալ, այսպես կոչված, ռեւանշիստական ուժեր, որոնք կհրաժարվեն ընդունել Փաշինյանի ստորագրած խաղաղության պայմանագիրը, դրանում ամրագրված դրույթները, դուրս կգան պայմանագրից, միակողմանի կչեղարկեն այն: Արտահերթ ընտրություններ կազմակերպելով եւ դրանց ընթացքում հիմնական նախընտրական թեզը դարձնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ Արցախից հրաժարվելու ենթատեքստով, Փաշինյանը, ըստ էության, լուծում է երկու խնդիր. կատարում է Ադրբեջանի պահանջը` հայ հասարակությունն իր քվեարկությամբ հավանություն է տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն եւ Արցախից հրաժարվելուն, ինքն էլ եւս հինգ տարով երկարաձգում է իր իշխանությունը: Եթե Ալիեւը համաձայնի Փաշինյանի այս առաջարկի հետ, ապա հաջորդ տարվա գարնանը կարող է շատ հանգիստ արտահերթ ընտրություններ կազմակերպել. ե՛ւ Ալիեւի համար լավ կլինի, ե՛ւ իր համար: 

2027 թվականին էլ՝ իր իշխանությունն ամրապնդած, Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարած, կարող է հանգիստ, առանց շտապելու փոխել Սահմանադրությունը եւ հրաժարվել Անկախության հռչակագրից. այն ժամանակ Հայաստանն ու հայ հասարակությունն այնպիսի վիճակում են լինելու, որ որեւէ մեկին այլեւս չի հետաքրքրելու ո՛չ Սահմանադրությունը եւ ո՛չ էլ Անկախության հռչակագիրը:

Նյութի աղբյուր՝ Հրապարակ