Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագրեր կնքել Ուկրաինայի ցանկացած օրինական իշխանությունների, թեկուզ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն Կիևի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամենամյա ուղիղ գծի և համատեղ անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե ինչ-որ մեկը գնա ընտրությունների և լեգիտիմություն ձեռք բերի, մենք կխոսենք ցանկացածի, այդ թվում՝ Զելենսկու հետ։ Եթե Ուկրաինան իսկապես ցանկանում է գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, նրանք, իհարկե, կարող են դա անել։ Նրանք կարող են այդ գործընթացը կազմակերպել Ուկրաինայի ներսում, ինչպես ցանկանում են: Մենք կարող ենք խաղաղության համաձայնագրեր ստորագրել միայն նրանց հետ, ովքեր օրինական են։ Իսկ լեգիտիմ են Ռադան ու Ռադայի նախագահը»,- ասել է ՌԴ նախագահը։