Հայաստանը հաղթահարել է գոյատևման ու մաքառման իրեն պարտադրված օրակարգը ու մտել է պարզապես ապրելու պատմական դարաշրջան, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հիմա մեր առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը զարգացնելը։
Նա ՔՊ-ականներից շնորհակալություն հայտնեց «այդ դարակազմիկ հանգրվանը» իրականություն դարձնելու համար։
«Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ սա հնարավոր դարձավ, առաջին հերթին, ժողովրդի աջակցության շնորհիվ»,- նշեց Փաշինյանը։
Նա հայտարարեց՝ այո՛, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջոց անցնելու գնով ձեռք բերվեց այն, ինչ այսօր ունենք։
««Ղարաբաղը մերն էր ու այլևս մերը չէ» խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է, իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր ու այլևս մերն է, իրականություն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության ու անկախության հաշվին, ու մենք դա չենք հասկացել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այսօր կարող ենք ասել, որ ՔՊ-ն փոխել է մեր պատմության կործանարար ընթացքն ու Հայաստանը դրել խաղաղ ու ստեղծարար պատմության ընթացքի մեջ։





