Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը՝ ընդգծելով երկկողմ ապրանքաշրջանառության աճն ու համատեղ ծրագրերի կարևորությունը։ Այս մասին նա հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 2,5 միլիարդ դոլար։ Ռուսաստանի ղեկավարը նաև մատնանշել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության արդյունքները. այդ ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ հայկական ապրանքների արտահանումն աճել է 10 անգամ:
«Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը», — հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ ռուսական ընկերությունները նշանակալի դեր ունեն հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում և ընդգրկված են պետական բյուջեի խոշորագույն հարկատուների ցանկում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի ձգտման համատեքստում Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ապագային։ Պուտինը հիշեցրել է, որ կողմերը բազմիցս քննարկել են այս հարցը։
«Եվրոպական միությանը հարելու Հայաստանի ձգտումը երկրի օրինական իրավունքն է։ Սակայն դա որոշակի բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գտնվելու տեսանկյունից»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է հասկանալ Երևանի հետագա ռազմավարությունը։ «Որքան արագ Հայաստանը կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնքան լավ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես ենք զարգացնելու հարաբերությունները հետագայում», — ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը կողմնակից է Հայաստանի հետ կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից», — ասել է Ռուսաստանի նախագահը։
Հանդիպման ընթացքում Պուտինն անդրադարձել է նաև խաղաղ ատոմի, տրանսպորտի և թվային տնտեսության ոլորտներում հայ-ռուսական համատեղ ծրագրերի իրականացմանը։





