Եվրոպական քաղաքական համաժողովը Երևան է գալիս Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչն այս ամենը միջամտություն է համարում:
«ԵՄ ներկայացուցիչները որոշել են հենց այս օրերին գալ Երևան, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն ՀՀ-ում գործող իշխանություններին: Սա է Երևանում այս օրերին կազմակերպվելիք Եվրոպական համայնքների գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը, որպես երևույթ, կտրականապես մերժելի է: Ակնհայտ է, որ այս ամենն իր մեջ նախընտրական միջամտության էլեմենտներ է պարունակում: Այն, ինչ Եվրոպական համայնքը քննադատում է այլ երկրների պարագայում, օրինակ, մեղադրում է ՌԴ-ին Մոլդովայի ընտրություններին միջամտելու համար, ինքն անում է ՀՀ-ում»,- նկատեց նա:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական խնջույքի:
«Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ քեֆը չհարամվի, եվրոպական առաջնորդները չառերեսվեն մեր իրական Հայաստանի հետ, մեր դժգոհությունների հետ»,- հավելեց Աշոտյանը:
Նա միևնույն ժամանակ հայտարարեց, նման ձևաչափով հանդիպումները սովորաբար անցկացվում են մեկ ԵՄ անդամ երկրում, մեկ՝ ոչ ԵՄ-ում, սակայն, վստահ է, որ Հայաստանն այս սկզբունքով չի ընտրվել։





