Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում չհամաձայնեցված 2 կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։ Այս մասին Antlantic council-ում ունեցած իր ելույթից հետո Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթի հետ հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-ասել է նա:
Ըստ Փաշինյանի՝ մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին. «Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։
Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։
Եթե նկատեցիք, սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։
Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը: