Որն է Հայաստան-Վրաստան թշնամության պատճառը

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում արդեն տեւական ժամանակ ինչ-որ բան այն չէ. Վրաստանը մե՛կ հայկական կոնյակով բարձված բեռնատարների համար է խնդիրներ ստեղծում՝ թույլ չտալով, որ դրանք անցնեն Ռուսաստան, մե՛կ ձկան արտահանումն է կասեցնում, հիմա էլ թույլ չի տալիս, որ ռուսական հեղուկ գազ տեղափոխող մեքենաները հատեն Ռուսաստանի սահմանը: Հայաստանում հեղուկ գազի ճգնաժամ է. ընդամենը 10 օրում հեղուկ գազի գինը բարձրացել է 50-60 տոկոսով, որոշ գազալցակայաններում հեղուկ գազ ընդհանրապես չկա, մյուսներում այն կվերջանա առաջիկա օրերին: Վրաստանն ուզում է ցույց տալ, թե որքան է Հայաստանը կախված իրենից, թե այդ երկրի համար ինչ նվազագույն ջանք է պետք՝ Հայաստանում տնտեսական ճգնաժամ առաջացնելու համար: Հայաստանի, այսպես կոչված, իշխանություններն էլ իբրեւ թե փորձում են ինչ-որ բանակցություններ վարել վրացական կողմի հետ, լուծումներ գտնել, բայց, բնականաբար, ոչ մի արդյունք: Գուցե նրանք հասկանում են, որ արդյունք չի էլ լինելու, որովհետեւ հնարավոր չէ վերացնել այն ֆունդամենտալ խնդիրը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, որ այդ խնդիրն իրենց կողմից վարվող քաղաքականությունն է:

Ոչ մեկը չի խոսում, թե որն է նման ճգնաժամ առաջացնելու շարժառիթը, ինչու կամ ինչի համար են Վրաստանի իշխանությունները փորձում պատժել Հայաստանին եւ հայ հասարակությանը: Տարբեր բացատրություններ կան. կենցաղայինից մինչեւ տնտեսական. իբրեւ թե կա մրցակցություն Հայաստանի եւ Վրաստանի կոնյակագործների միջեւ, եւ հայերն իբրեւ թե պայմանագրեր են կնքում ռուսական առեւտրային ցանցերի հետ, եւ այդ պայմանագրերում ֆիքվում է, որ այդ ցանցերը պետք է վաճառեն միայն հայկական կոնյակ կամ գինի, իսկ վրացական չպետք է վաճառվի, կամ՝ որ Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հարցում խտրականություն է դրվում հայ եւ վրացի բեռնափոխադրողների միջեւ՝ նախապատվությունը տալով հայ բեռնափոխադրողներին: Գուցե նման տեխնիկական կամ տնտեսական հարցեր իսկապես գոյություն ունեն, բայց եթե խնդիրը միայն դա լիներ, դրանք վաղուց եւ հեշտությամբ կարգավորված կլինեին: Մեր կարծիքով, խնդիրն ավելի խորքային է, եւ այն հնարավոր չէ կարգավորել, ավելին՝ այն գնալով խորանալու է՝ պատճառ դառնալով ավելի լուրջ հակամարտության: Խնդիրը Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունների կողմից Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցք տրամադրելու ցանկության կամ որոշման մեջ է, որն էականորեն հարվածելու է Վրաստանի շահերին՝ Վրաստանը վերածելով փակուղու:

Գիտեք, որ այսօր Վրաստանն է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հիմնական միջնորդ պետությունը, Վրաստանի տարածքով է անցնում ադրբեջանական նավթի եւ գազի տարանցումը, ապրանքաշրջանառությունը նույնպես իրականացվում է Վրաստանի տարածքով: Բայց ամենակարեւորը` Վրաստանի տարածքով է իրականացվում Կենտրոնական Ասիայի երկրների եւ Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպական Միությանի միջեւ առեւտուրը, Վրաստանը ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում՝ Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ ապրանքաշրջանառության կարեւորագույն հանգույց դառնալու համար․ չինական ապրանքները Ղազախստանով հասնում են Ադրբեջան, Վրաստանի Սեւ ծովի ափին կառուցվող Անակլեա նավահանգստով՝ Եվրոպա: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի Վրաստանի հետ, եթե Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվի ուղիղ կապ հաստատել իրար հետ, եթե Թուրքիային հաջողվի Ադրբեջանի հետ ձեւավորել մեկ ընդհանուր տնտեսական տարածք՝ Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով եւ Միջերկրական ծով, ինչը հնարավոր կդառնա, եթե նրանք Հայաստանից ուժով կամ համոզելով խլեն Սյունիքը կամ դրա մի մասը, այն, ինչի ականատեսն ենք լինում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: Պարզ է, չէ՞, որ թուրքերը չեն թողնելու, որ Վրաստանն իրենց փոխարեն աշխատի տարանցումից ստացվող հսկայական եկամուտը:
Եթե Հայաստանը, վնասելով Վրաստանին, վտանգելով նրա տնտեսական շահերը, խլեր նրանից միջնորդի դերը, ինքը դառնար միջնորդ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ, կարող էինք ասել, որ դա միանգամայն օրինաչափ պրոցես է. տարբեր երկրների միջեւ մրցակցություն է գնում՝ տարանցման ուղիներն իրենց տարածքով անցկացնելու համար, եւ Հայաստանը հաղթում է այդ պայքարում՝ շահելով մրցակցության մեջ: Բայց, չէ՝ Հայաստանը ոչ միայն չի շահում, ընդհակառակը՝ կորցնում է, քանի որ կորցնում է ուղիղ կապն Իրանի հետ: Հայաստանն իր տարածքով իրականացվող ապրանքաշրջանառությունից ոչինչ չի ստանալու, դա արդեն իր տարածքն էլ չի լինելու, կարող է միայն անվանական իրենը լինել, առանց իր հսկողության: 

Եթե Թուրքիային եւ Ադրբեջանին իսկապես հաջողվի Փաշինյանին օգտագործելով Հայաստանից խլել Սյունիքը եւ միանալ իրար, Վրաստանը, ըստ էության, կդառնա այնպիսի փակուղի, ինչպիսին հիմա Հայաստանն է, մի տարբերությամբ, որ Վրաստանը սահման ունի Ռուսաստանի հետ եւ գոնե կարող է առեւտուր անել այդ երկրի հետ, իսկ Հայաստանը դա էլ չունի: Բայց եթե Փաշինյանը, Հայաստանի շահն անտեսելով եւ առաջնորդվելով բացառապես դրսից իջեցվող հրահանգով, Սյունիքը զիջի Թուրքիային, այդ դեպքում Վրաստանն ընդհանրապես կարող է փակել իր սահմանը Հայաստանի համար, եւ այդ դեպքում Հայաստանը կդառնա ոչ թե հայկական բնակչությամբ թուրքական վիլայեթ, այլ ընդհանրապես կդատարկվի եւ կանապատանա: Իսկ թե այդ տարածքն ումով կբնակեցնեն, կամ ինչ կանեն այդ տարածքի հետ թուրքերը, դա արդեն մեզ հետ կապ չի ունենա:

«Հրապարակ օրաթերթ»

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։