«Կան քաղաքական գործիչներ, որ շատ են շտապում ռեֆորմներ անել, կան, որ ընդհանրապես չեն ուզում անել: Մենք շատ էինք շտապում, կարող ենք տեմպերը թուլացնել: Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են»,- «Հարցազրույց»-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա հավաստիացումների` ամսական կտրվածքով մոտ 1,8 միլիարդ դրամ ծախսում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վրա։ Ավտոբուսների հետգնման վճարը 378 միլիոն դրամ է։
«Երբ այս թվերի համագումարը բաժանենք նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսվա ուղևորափոխադրումների քանակի վրա, կստանանք 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը՝ 203 դրամ»,- ասել է նա։
Քաղաքապետը նշեց, որ այս տարի նախատեսում են շուրջ 50 կանգառասրահ կահավորել։ «Ունենալու ենք տրանսպորտային հստակ էլեկտրոնային չվացուցակ»,- եզրափակեց քաղաքապետը` նշելով` «Յանդեքս» հավելվածում ունեն ամբողջական ավտոբուսային ցանցի դինամիկ քարտեզը:
«Մարդը, երբ որոշում է Ա կետից Բ կետ տեղափոխվել, տրանսպորտային այդ հավելվածով կարող է տեսնել, թե տրանսպորտը որ րոպեին կլինի այդ կանգառում, կամ տեղփոխով կընտրի ամենաարդյունավետ տարբերակը»,- ասաց Ավինյանը: